
Սիրելի հայրենակիցներ,
2024 թվականը հասնում է իր ավարտին. թեւակոխում ենք արհավիրքներով լի՝ անկանխատեսելի ու անկայուն նոր 2025 թվական:
Անցնող տարում շարունակվեց ռուս-ուկրայնական վերջ չունեցող պատերազմը եւ Իսրայելի կողմից սանձազերծված Գազայի ցեղասպանությունը: Միջին Արեւելքում Սիրիական անակնկալ իրադարձություններից հետո սպասվում է նոր տարածաշրջանային անկայուն իրավիճակ, որից անմասն չի մնալու Հայաստանի Հանրապետությունը:
Սիրիահայ մեր հայրենակիցներին սպասում է անորոշ ու անհեռանկար ապագա, իսկ Հայաստանի Հանրապետությանը նորանոր մարտահրավերներ:
Արցախի հայաթափումը եւ արցախահայության էթնիկ զտումը մեզ համար մնաց, որպես ամենից մեծ
ողբերգությունը: Իսկ արցախահայությունը այնպես էլ անցնող տարում չկարողացավ կյանքի կոչել իրենց շահերը ներկայացնող նոր անկախ մտածելակերպով լեգիտիմ մարմին, որը իրավասու լիներ միջազգային ատյաններում դառնալ արցախահայության իսկական ձայնը:
Պարզ եւ հստակ է, որ Երեւանում դեռեւս շքախմբերով երթեւեկող Արցախի նախկին իշխանության գործակալ ներկայացուցիչները կորցրել են ամեն տեսակ լեգիտիմություն, եւ նրանց չպիտի թույլատրվի Արցախի հանրապետությունը փաստաթղթով լուծարելուց հետո, շարունակել ծառայել Հայաստանը ծախել ցանկացող հինգերորդ շարասյանը եւ նրանց տերերին:
Արցախահայությունը պիտի իր մեջ գտնի ուժ՝ ձեւավորելու նոր ներկայացուցչական օրինական ղեկավար մարմիններ եւ, ՀՀ իշխանությունների հետ համատեղ, մշակել կարճաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարական ծրագիր:
Անցնող տարին, նախորդ տարիների նման, Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ ինքնիշխանության համար առանցքային նշանակություն ունեցող տարի եղավ: Իշխանությունը բռնազավթելու մարմանջից կուրացած այս անգամ հինգերորդ շարասյունը, ճարահատյալ, որդեգրեց կրոնի միջոցով իշխանության գալու քաղաքականությունը՝ աչքի առաջ ունենալով որոշակի երկրների տարիների փորձը՝ չիմանալով, որ հայ ժողովուրդը քաջածանոթ է նման խարդավանքներին եւ փիլոնի մեջ ու փիլոնի հետեւում թաքնված կեղծ փրկիչներին չի հավատալու: Սրբազան կոչված շարժման նեռադավան առաջնորդի ցնդաբանության ու զավեշտի հասնող պայքարը ունեցավ անփառունակ վախճան: Այդպես էլ պիտի լիներ, սակայն մենք բոլորս մշտապես պիտի լինենք զգոն՝ այլեւս թույլ չտալու նմանատիպ հակապետական դավաճանական գործունեություններ:
Գաղտնիք չէ նաեւ այն, որ անցնող տարվա ընթացքում, խաղաղության հասնելու բոլոր ջանքերի կողքին, շարունակվեցին Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը ապահովելու ուղղությամբ հսկայական ջանքերը: Անկասկած է, որ մեր անվտանգության երաշխիքի աղբյուրը մեր նորոգվող եւ հզորացող բանակն է:
Արտաքին քաղաքականության մեջ քայլ առ քայլ աշխարհի տարբեր երկրների՝ հատկապես զարգացած երկրների հետ հաստատվում են բազմակողմանի եւ բնական դիվանագիտական հարաբերություններ: Եվրոմիության հետ համապարփակ ներդաշնակության հասնելու քաղաքականությունը շարունակվում է:
Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հիմքը, հատկապես Թրամփի ընտրվելուց հետո, հարկավոր է կառուցել՝ հիմնվելով Հայաստանի եւ սփյուռքի ողջ հայության մտավոր եւ ֆիզիկական ներքին պոտենցյալ կարողությունների եւ ռեսուրսների վրա:
Նոր բարեկամներ շահելու եւ նոր թշնամիներ չստեղծելու քաղաքականությունը կարեւոր մոտեցում է եւ հարկավոր է լինել անկոտրում եւ հետեւողական:
Հասարակությունը իր քաղաքական, հասարակական բազմազան կառույցների միջոցով պիտի մասնակից լինի այս գործողություններին: Սակայն հասարակության զգալի մասի մոտ տիրում է քայքայիչ անտարբերությունը: Սակայն հնարավոր է եւ կարելի է այն վերացնել մշակույթի գործիչների ու մտավորականության գիտակցված ջանքերով:
Իսկ Սփյուռքը իր օրինապահության փորձը, մտավոր եւ նյութական կարելիությունները կարող է փոխանցել հայրենիքին եւ հանդիսանալ հասարակության զարգացման եւ հասարակական գիտակցության բարձրացման խթանիչ ուժ:
Աշխարհում չկա զարգացած մի երկիր, որտեղ առանց հասարակության գործոն մասնակցության
իշխանությունները կարողացած լինեն ստեղծել զարգացած եւ առաջատար երկիր:
Մաղթում ենք, որ գալիք տարում արտաքին թշնամական ուժերի դեմ կարողանանք լինել միասնական, իսկ ներքին քաղաքական գաղափարական տարաձայնությունները լուծել օրենքի ու օրինականության սահմաններում:
Եվրոպայի հայերի համագումարը որպես սփյուռքյան կազմակերպություն աշխատում է եւ աշխատելու է սփյուռքի նորովի կազմակերպման ու համախմբման ուղղությամբ՝ նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդումը, ինքնիշխանության հաստատումը եւ երկրի զարգացումն ու առաջընթացը:
Հայաստան-Սփյուռք գործակցությունը երկուստեկ պիտի զարգանա՝ անխափան եւ հետեւողական:
Մեր ամանորյա մաղթանքն է, որ սփյուռքի առաջադեմ եւ մտավորական ուժերը եւ անհատները գիտակցորեն մոտենան այս հարցին:
Կրկին անգամ շնորհավորում ենք բոլոր հայրենակիցների Նոր Տարին եւ Ս. Ծնունդը մաղթելով համերաշխություն եւ երջանկություն:
Թող 2025 թվականը լինի խաղաղղության եւ հաջողություններով լիառատ տարի:
Եվրոպայի հայերի համագումար
26 դեկտեմբեր 2025
Շվեդիա
contact@aaeurop.com
Be the first to comment